Արդյունք

0

նախագծում ենք

նախագծում ենք

Նախագահի մրցանակը շնորհվում է Հայաստանի Հանրապետության՝ լավագույն և արժեքավոր ստեղծագործություններ հեղինակած, հայտնագործություններ և աշխատանքներ կատարած քաղաքացիներին կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում։ Մրցանակը նախաձեռնել և իրականացնում է Պողոսյան հիմնադրամը 2001 թվականից։ 2017 թվականին Պողոսյան հիմնադրամի հանձնարարությամբ, ուրբանլաբը իրականացրել է Նախագահի մրցանակի հանրահռչակումը։ Նախագահի մրցանակի հանրահռչակման շրջանակներում, իրականացվել են մի շարք գործողություններ․ մրցանակի բրենդավորում Մարօգ մարքեթինգային և կրեատիվ գործակալության հետ համատեղ, կայք-շտեմարանի պատրաստում, քաղաքային ազդարարում, Երևան քաղաքի ամսագրի հատուկ համարի թողարկում և այլ նմանատիպ միջոցառումներ։ Մանրամասներն տես այստեղ։

Common Notepad-ը հանդիսանում է Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի և ուրբանլաբի կողմից իրականացված Գյումրի-Կարս քաղաքային ժառանգության ծրագրի արդյունքը։ Ծրագիրը նպատակ ուներ խթանելու Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ քաղաքաշինարարների և ճարտարապետների միջև երկխոսություն՝ միավորելու իրենց ջանքերն ուղղված Գյումրի և Կարս քաղաքների՝ հատկապես 19-րդ դարի քաղաքային ժառանգության պահպանման խնդրին։ Այս երկու քաղաքները ձևավորել են իրենց քաղաքային կառուցվածքը և ոճը ռուսական կայսրության ժամանակաշրջանում և ունեն շատ նմանություններ. կառուցված են նույն տուֆից և միևնույն նեոկլասիկ ոճն ունեն։ Այսպիսի շենքերի թիվը ժամանակի ընթացքում նվազում է։ Եվ չնայած այն փաստին, որ վերջիններս համարվում են ճարտարապետական կոթողներ, իշխանությունների և բնակիչների կողմից դեռևս պատշաճ ուշադրություն չի դարձվում այդ շենքերի պահպանությանը։ Հրատարակությունը իրականություն է դարձել Եվրամիության աջակցությամբ՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամի՝ աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։ Հրապարակումը հասանելի է հետևյալ հղումով։

Սևանի Գրողների հանգստյան տունը ներկայացնում է Խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության երկու դարաշրջան՝ 1930–ականների վաղ խորհրդային ավանգարդիստական ժամանակաշրջանի բնակելի մասնաշենքը և 1960-ականների ուշ խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետության նմուշ հանդիսացող ճաշարանային կառույցը` նախագծված ականավոր հայ ճարտարապետներ Գևորգ Քոչարի և Միքայել Մազմանյանի կողմից։ Ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի և ֆինանսավորվում է Գեթի hիմնադրամի “Պահպանելով արդին” ծրագրի շրջանակներում, որը շնորհվել է Հայաստանի գրողների միությանը արվեստաբան և համադրող Ռուբեն Արևշատյանի և ուրբանլաբի հիմնադիր Սարհատ Պետրոսյանի նախաձեռնությամբ։ Ավելի մանրամասներն տես այստեղ։

Կոնդը 18-րդ դարի Երևանից պահպանված եզակի արժեքավոր միջավայրերից մեկն է: ուրբանլաբի նախաձեռնած ծրագրի հիմնական նպատակն է վերաիմաստավորել թաղամասի դերը քաղաքային հյուսվածքում ու առաջարկել այլընտրանքային զարգացման ծրագիր՝ պահպանելով գոյություն ունեցող արժեքավոր միջավայրը: 
Հիմնվելով հավաքագրված տվյալների ու փաստերի ուսումնասիրությունների վրա՝ Կոնդի վերակենդանացման ու քաղաքային կյանքում ներգրավման համար կառաջարկվի միջոցառումների շարք ՝ ապահովելով բարեկեցիկ կյանք բնակիչների համար:

Երևանյան մամուլում ու սոցիալական ցանցերում այսօր ավելի քան երբևէ խոսվում է քաղաքաշինության ու ճարտարապետության մասին։ Դրանցում շատ հաճախ, հիմնականում բացասական, բայց երբեմն նաև դրական իմաստով, օրինակ է բերվում վերջին քսան տարիներին Երևանում իրականացված ամենախոշոր քաղաքաշինական նախագծերից մեկը՝ Հյուսիսային պողոտան։ 
Ներկայացված վերլուծությունը մի համեստ փորձ է՝ միտված առաջադրելու օրինակելի այլընտրանքային լուծում, հատկապես շեշտը դնելով ուշ 90-ականների իրավիճակի դիտարկումների վրա։ Ամբողջական նախագիծը տես այստեղ:

Ադամյան փողոցի վերակառուցմամբ Շուշի քաղաքի վերակենդանացման ծրագիր իրականացնելը մեր թիմի գաղափարն էր։ Փողոցը համեմատաբար ամբողջական էր պահպանվել և ուներ լավ տեղադիրք քաղաքի համեմատաբար ակտիվ մասին կից։ Նախագիծը թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում տարբեր ձևաչափերով բազմիցս ներկայացվել է։ 2005 թվականին ներկայացրել ենք նաև Շուշիի արևելյան բաղնիքի էսքիզային առաջարկը։ Բաղնիքը մի շատ հետաքրքիր կառույց է Ադամյան փողոցում․ այն այդ ժամանակից պահպանված հատուկենտ բաղնիքներից մեկն է։ Նախագծման գործընթացքում օգտագործվել են բացառապես ձեռակերտ կերամիկական ու տեղական ու բնական քարերից խճապատկերներ։