Արդյունք

0

կիսվում ենք

կիսվում ենք

ուրբանլաբը և  Բուն TV-ի հետ համատեղ իրականացրել են Ալտ_ուրբան զրույցների շարքը, որը նպատակադրված էր վերարժևորելու քաղաքային պլանավորումը, տարածքային զարգացումը, առհասարակ` քաղաքն ու տարածքը: Զրույցները հասանելի են հետևյալ հղմամբ։

ուրբանլաբը և Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն Երևանի համատեղ ստեղծել են ճարտարապետական ժառանգությանը նվիրված ֆիլմաշար, որը լավագույնս ներկայացնում է տարբեր շրջանների հայկական ճարտարապետության բազմաշերտ բնույթը։ Ֆիլմաշարը հասանելի է հետևյալ հղմամբ։

ուրբանլաբը Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հետ համատեղ նախաձեռնել է “Այլընտրանքային Երևան” նախագիծը, որը նպատակ ունի աջակցելու քաղաքային ակտիվիստներին  իրենց մասնակցությունն ունենալ քաղաքային որոշումների կայացման գործընթացներին,  մշակել քաղաքային ժառանգության պաշտպանության նոր մոտեցումներ և խթանել քաղաքային միջավայրի կայուն զարգացումն ու մշակութային ժառանգության պահպանումը։

2016թ․-ի դեկտեմբերին ուրբանլաբի և Երևան ամսագրի արտոնատեր Արտավազդ Եղիազարյանի հետ համագործակցության արդյունքում լույս տեսավ Երևան քաղաքի ամսագրի դեկտեմբեր ամսվա հատուկ թողարկումը` նվիրված Վերանայելով Մեծամորը ծրագրին։
Երևանի բովանդակությունն ամբողջովին նվիրված է Երևան քաղաքի անցյալին, ներկային, ապագային և քաղաքացիներին։ Հատուկ ուշադրություն է դարձվում քաղաքաշինական և ճարտարապետական խնդիրներին, ինչպես նաև սովորական երևանցիների պատմություններին։ Ամսագիրը հասանալի է  նաև առցանց։

2011 թվականից ուրբանլաբի թիմը կազմակերպում է քաղաքային զբոսանքներ՝ ներկայացնելով Երևանի ոչ ավանդական ժառանգության տարածքները, օրինակ՝ Կոնդ, Լալայանց փողոց և այլն։ Նույն նախաձեռնության շրջանակներում մենք մասնակցել ենք Ջեյնի զբոսանքներ շարժմանը և Եվրոպական ժառանգության օրերի Ֆարո զբոսանքներին։
Անվճար քաղաքային զբոսանքների վերաբերյալ նորություններին հետևեք մեզ սոցիալական ցանցերում` Facebook և Twitter: Անհատական քաղաքային զբոսանքների համար կարող եք դիմել մեզ՝ ուղարկելով նամակ [email protected] էլ. հասցեին, նշելով օրը, ժամը, նախընտրելի լեզուն (հայերեն, անգլերեն և ռուսերեն) և մասնակիցների քանակը։

Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 21-ից Երևանի Սիրահարների այգում տեղադրել է հայկական արտադրության ծիրանագույն ԵՐԱԶ մեքենա` քաջալերելով բոլորին նկարվել ծիրանագույն Երազի մոտ, վերբեռնել նկարը, նաև թողնել գրառում նախընտրելի սոցիալական մեդիայի հարթակում (Twitter, Facebook, Instagram, Picsart և այլն)՝ օգտագործելով #ԻմԵրազածՀայաստանում #ծիրանագույնԵՐԱԶ #ԵՐԱԶանք #ԵՐԱԶել հեշթեգերը։ 

Հարավկովկասյան ժողովուրդները խոսում են ընդհանրություններից,երբ տիրում է խաղախ իրավիճակ, և հիշում տարբերությունները, երբ կան լարումներ։ Բաքու, Թբիլիսի, Երևան՝ երեք քաղաքներ, որտեղ վերջին երկու դարերի ընթացքում կենտրոնացած է կովկասյան քաղաքային եռուզեռը, որը ծառայում է նաև երկխոսության հարթակ։ Թբիլերևաքուն փորձում է մատնանշել հարավկովկասյան ընդհանուր քաղաքային բազմամշակույթ ժառանգությունը նույնական պատմական կենսապատկերների (լանդշաֆտների) միջոցով։ 
Նախագիծն իրականացվել է Վարաշավայի քաղաքային հանգստվայրի շրջանակում՝ Վարշավայում գործող Այլ տարածք հիմնադրամի նախաձեռնած Հարավ Կովկասյան փառատոնի մաս կազմելով։

Հայկական միջնադարյան, հատկապես եկեղեցական կառույցներում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ քարագործ վարպետները փորագրելիս խնայելու համար աշխատանքն ու քարի մակերեսը (ասել է թե ժամանակն ու տարածությունը) մի քանի տառեր բաց թողնելով (հիմնականում ձայնավորներ) կարողացել են ընթեռնելի դարձնել տարատեսակ տեքստեր, օրինակ ՅՍՔՄ` Յիսուս Քիրստոսի փոխարեն, կամ ինչպես մենք ենք վարվել 2014-2015 թթ-ի մեր ամանորյա բացիկների դեպքում՝շնորհավորի փոխարեն նշելով ՇՆՐՀՎՐ։ Այսօր, երբ տեխնոլոգիական զարգացումները սահմանափակում են ժամանակն ու տարածությունը, ստիպելով լինել հնարավորինս կարճ ու դիպուկ, արդիական է դառնում այս ավանդական մոտեցումն ու ստիպում վերարժևորել այն։ Սա հատկապես կարևորում ենք, քանի որ համակրում ենք “շատ աշխատելու փոխարեն աշխատել խելացի” թևավոր դարձած խոսքը, որը մեզ հաճախ առաջնորդում է մեր որոշումներում։Մենք կարծում ենք, որ ճարտարապետների սոցիալական խնդիրներից պետք է լինի ոչ միայն նախագծել գեղեցիկ, այլև՝խելացի։

Ամփոփելով ուրբանլաբի բուռն ստեղծագործական տարին՝մենքկիսվում ենք 2016 թվականի մեր իրականացրած ծրագրերի արդյունքներով նաև՝ամանորի բացիկների տեսքով, որոնք արտացոլում են մեր թիմի մոտեցման ո ւաշխատելաոճի հավատարմությունը Հայաստանի այլընտրանքային նյութական և ոչնյութական ժառանգության կարևորման, վերաիմաստավորման և պահպանման խթանման գործում։ 

1. Այլ Երևան, էջ 1/7
2. Վերանայելով Մեծամորը, էջ 2/7
3. Ներգրավելով Վանաձորը, էջ 3/7
4. Սևանի գրողների տան պահպանությունը, էջ 4/7
5. Անկախ կենսապատկեր, Հայաստանի ազգային տաղավարը Վենետիկի ճարտարապետական 15-րդբիենալեում, էջ 5/7
6. Քաղաքային զբոսանքներ նաև Գորիսում, էջ 6/7
7․Մեր թիմի 2014-2015թթ-ի ամանորյա բացիկ, էջ 7/7

Բզբզոցը՝Արմինե Շահբազյանի

 

ուրբանլաբի անձնակազմն ու ընկերները Գաֆեսջյան արվեստների կենտրոնի հրավերով մաս կազմեցին Քաղաք Հունդերթվասեր կրթական ծրագրին, որը տեղի ունեցավ արվեստի կենտրոնում Ֆրիդենսրիխ Հունդերվասերի աշխատանքների ցուցադրմանը զուգահեռ: Տարբեր տարիքի երտասարդներ մասնակցեցին դասընթացների, որոնց ընթացքում փորձ արվեց վերապատկերել Երևանի ճարտարապետությունն ու քաղաքային հյուսվածքը ներշնչված Հունդերթվասերի ուսմունքներից և աշխատանքներից: Արդյունքներն ներկայացվեցին հունիսին ցուցադրության փակման ընթացքում։ ուրբանլաբի հետ համատեղ միջոցառմանը մասնակցեց նաև ճարտարապետ Արմինե Շահբազյանը: 
Լուսանկարները Արմեն Եսայանի, Գաֆեսճյան արվեստի կենտրոն

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդի (ԻԿՕՄՈՍ) նախաձեռնությամբ ապրիլի 18-ը նշվում է Հուշարձանների ու պատմական միջավայրերի միջազգային օրը։ ուրբանլաբը ևս մասնակցում է 2014 թվականի ընթացքում պետական մակարդակով նշվող այս միջոցառմանն ու քարոզում հատկապես 20-րդ դարի հայ մշակութային ժառանգության պահպանության արդիականությունը։ Դրա շրջանակում Երևանում տարածվել են քարոզչական ինքնակպչուն թռուցիկներ, որոնք տեսանելի են հատկապես Երևանի կետրոնում։

Պրահայի ճարտարապետական շաբաթը համարվում է արդի ճարտարապետության ճանաչված փառատոններից մեկը։ 2013 թվականին ուրբանլաբը առաջինը լինելով ներկայացրեց Հայաստանն այդ միջոցառման ընթացքում։ Հայկական տաղավարը ներկայացված էր ուրբանլաբի Երևան քաղաքի եռաչափ քարտեզի տեսքով, որտեղ մեր մասնկցությամբ քաղաքային ակտիվ կետերն էին ներկայացված։ Պրահայի ճարտարապետական շաբաթ 2013 թվականի մասնակցության մասին կարդացեք ավելին այստեղ։

Ճարտարապետական հանդիպումների նպատակն է նպաստել երիտասարդ ճարտարապետների և ճարտարապետության ուսանողների շրջանում մասնագիտական ներուժի բացահայտմանը, ապահովելով քաղաքաշինության, ճարտարապետության և հարակից ոլորտների մասնագետների գիտելիքների շրջանառություն Երևանում։ 2013 թվականի գարնանը կազմակերպվել են հանդիպումներ մի շարք մասնագետների հետ․ դիտել տեսագրությունը:

2020լաբի շրջանակում, թվով տասը ճարտարապետ ու հարակից ոլորտի մասնագետներ ներկայացրել են իրենց չիրականացված նախագծերը փեչաքուչա ֆորմատով։ Միջոցառումը կոչվեց Վերջի վերջը շեշտելու համար երևանյան մի քանի ճարտարապետների "վերջ" մտքերը, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել ու մնացել են թղթի վրա։ Բացի վերոնշյալից, պատկերային նյութերի միջոցով մի խումբ անհատ ճարտարապետներ և հարակից ոլորտների մասնագետներ ներկայացրել են նաև մարդածին միջավայրում ծրագրավորվող փոխոխությունների իրենց անձնական տեսլականը՝ քաղաքաշինության մեջ աննշան թվացող, բայց խորհրդանշական ու վճռորոշ մի ժամանակահատվածի կտրվածքով: Նրանցից յուրաքանչյուրը, իր անկախ ու միմյանց հետ չհամաձայնեցված, միգուցե հակադիր դիտակետից արտահայտել են քաղաքային միջավայրի զարգացման հնարավոր՝ սպասվելիք ու ցանկալի տարբերակները՝ շեշտադրելով քաղաքաստեղծ գործոններից առավել հիմնարարները: Ներկայացված բազմաշերտ նյութերի վրադրումը կօգնի կազմել հետագա զարգացումների լիարժեք ու ընդհանրական ամբողջական պատկեր: Բոլոր տեսագրությունները հնարավոր է դիտել այստեղ։

Հայաստանի ամերիկյան համալսարանի Ճարտարագիտության քոլեջը, նույն համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնը և ուրբանլաբ Երևանը ՄԱԿ-ի Նորարարական հետազոտությունների ինստիտուտի (Ճապոնիա) հետ համագործակցության արդյունքում կազմակերպել էին մեկամսյա ամառային դասընթաց։ Դրա նպատակն էր փորձարկել ՄԱԿ-ի կողմից մշակված քաղաքային տարածքներում կենսաբազմազանության պահպանությանն ու վերականգնմանն ուղղված կանոնակարգը, դիտարկելով այն տեղական համատեքստում։ Հավելյալ տեղեկությունների համար այցելեք Հայաստանի ամերիկյան համալսարանի կայք: